ԱՄՆ-ի հեգեմոնիան ու ռուսական մտահոգությունները

21-րդ դարում աշխարհաքաղաքական խաղի կանոնները թելադրում է Միացյալ Նահանգները. ԱՄՆ-Ռուսաստան սառը պատերազմի ավարտից հետո «Պատմության ավարտն» ազդարարող նոր աշխարհակարգում ամերիկյան հեգեմոնիան անքննելի է: Ու խնդիրը միայն այն չէ, որ ԱՄՆ-ն աշխարհի գերհզոր տերությունն է տնտեսությամբ ու զինուժով, ոչ պակաս կարևորություն ունի գաղափարախոսությունը․ ազատականությանն ու ժողովրդավարությանն այլընտրանք չկա:

Կարծես՝ ողջ աշխարհը համակերպվել է ամերիկյան գերակայության հետ։ Որոշակիորեն ընդդիմանում է Ռուսաստանը, սակայն որքանով են վերջինիս աշխարհաքաղաքական ամիբիցիաներն իրատեսական:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ

Իրականությունն այն է, որ քառորդ դար առաջ Ռուսաստանը (ԽՍՀՄըպարտվել էր Արևմուտքի հետ պատերազմում, արդյունքում արժանացել էր կրտսեր գործընկերոջ կարգավիճակի, որի ձայնը բնավ հավասար չէ «ավագ գործընկերոջ» թելադրանքին:

Պուտինյան Ռուսաստանը փորձեց հակադրվել այդ իրողությանը, սակայն միակ ակներև արդյունք եղավ Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության պահպանությունը: Իսկ երբ Պուտինը սկսեց լրջորեն քայլեր ձեռնարկել «ԽՍՀՄ վերածննդի» ուղղությամբ, բախվեց լուրջ խոչընդոտների:

Առաջին ակներև տարաձայնությունն եղավ 2008 թվականին Վրաստանում.  աբխազական ու հարավօսական «գամբիտի» արդյունքում Կրեմլը կորցրեց տեսանելի ապագայում Վրաստանում գերակայություն ստանալու հնարավորությունը: Սակայն անգամ այդ փոքր տարածքների «ձեռքբերումը» ծանր նստեց Մոսկվայի համար. ճիշտ ժամանակին խաղարկված «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի» արդյունքում Ռուսաստանի տնտեսությունն նախկին զարգացման դինամիկայից զրկվեց:

Արևմուտքի հետ մյուս լուրջ առճակատումն եղավ 2014 թվականին, երբ արդեն վերցնելով Ղրիմը՝ Մոսկվան կորցրեց ողջ Ուկրաինան: Այս «ծավալապաշտական» քաղաքականությունը Ռուսաստանի «սանկցիավորված» տնտեսության համար ծանր հետևանքներ ունեցավ. այլևս Կրեմլին միջոցները չեն բավարարում երկրի ներքին խնդիրները հարթելու համար, ուստի միջազգային հարթակներում պուտինյան դիվանագիտության ձայնը զգալիորեն խլացել է:

Այսօր Պուտինի գերնպատակը Եվրասիական միության կայացումն է։ Թեպետ այդ նախագծով Ռուսաստանը  այլընտրանք չի կարող ներկայացնել եվրաատլանտյան դաշինքին, այնուհանդերձ ԱՄՆ-ը փորձում է հնարավորինս սահմանափակել մոսկովյան նկրտումների աշխարհագրական արեան։ Վաշինգտոնն ունի Ռուսաստանին առնչվող լուրջ մտահոգություններ։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՄԵՐԻԿՅԱՆ 3 ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՏՆՏԵՍԱԿԱՆ  ԳՈՐԾՈՆ

ԱՄՆ-Ռուսաստան տնտեսական ներուժի տարբերությունն ահռելի է,  անվանական ՀՆԱ-ով Ռուսաստանը զիջում է 10-15 անգամ: Սակայն  Ռուսաստանի  Դաշնությունն  ունի  նավթի  և  գազի  զգալի  պահուստներ,  որը  կարող  է  դառնալ  երկրի  տնտեսական  ինքնաբավության  հիմքը: Ռուսաստանի տնտեսական  մեծ  ներուժի  կարևորագույն  խթանն է  հսկայածավալ  տարածքներ.  օրինակ  սիբիրյան  անտառների  զուտ  տնտեսական  արժեքն  ավելի  բարձր  է,  քան  անգամ  Ռուսաստանի  ողջ  գազի  պահուստների արժեքը:  Այսօր  Ռուսաստանը  քայլ  առաջ  է  կատարում  և  ցանկանում  է  ինստիտուցիոնալ  հիմքով  ընդլայնել  իր  տարածքները (ազդեցության  գոտին)՝  ձևավորելով  Եվրասիական  տնտեսական միությունը:  Արևմուտքն  առաջնահերթ  փորձում  է  թույլ  չտալ  այդ  ծրագրի  իրագործմանը՝ առնվազն քաղաքական բաղադրիչի առումով։

ՌԱԶՄԱԿԱՆ  ԳՈՐԾՈՆ

Խորհրդային միության  փլուզումից  հետո  Ռուսաստանը  կարողացավ  պահել  իր  սուվերենությունը  միայն  ռազմական  ներուժի  և  մասնավորապես  միջուկային  զենքի  շնորհիվ: Այսօր  Ռուսաստանը  կրկին  առաջատար  դիրքերում  է ռազմական  ոլորտում,   զիջում  է  միայն  ԱՄՆ-ին.  աշխարհում  տանկերի  և  միջուկային  մարտագլխիկների  քանակությամբ  առաջին  տեղում  է:  Հիշեցնենք,  որ  ըստ  Պուտինի  պլանի,  մինչև    2020    թվականը    Ռուսաստանը   պետք է թարմացներ    իր   միջուկային    զինանոցը    ամբողջությամբ:  2020 թ.    բանակն    ու    նավատորմը    պետք    է    անցնեին    «գերժամանակակից»    սպառազինության    70    տոկոսով:  Արևմտյան պատժամիջոցների պատճառով այս հարցում Ռուսաստանը մեծ խնդրի բախվեց, պուտինյան երազանքները չիրականացան։ Ռուսաստանի  ռազմական  ներուժի վերականգնման դեպքում Մոսկվան կկարողանա վերահսկողություն հաստատել նախկին Միության գրեթե ողջ տարածքում:

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

Ինչքան  էլ  կարևոր  լինեն  տնտեսական  և  ռազմական  հնարավորությունները, սակայն  Ռուսաստանի  իրական  հզորության  գրավականն  իրականում  ռուս  ազգի  հոգեկերտվածքի  մեջ  է:  Սովորական  ռուսը  հավատում  է  իր  ազգի  բացառիկությանը,  հավատում  է,  որ   Ռուսաստանն «առանձնահատուկ  ուղի»  ունի:  Իսկ վերջին  շրջանում  պետականորեն  հովանավորվում  է  նաև  այդ  «բացառիկ  ուղու»  քարոզչությունը:  Հանուն  այդ  գաղափարի  ռուսները  պատրաստ  են  դիմանալ  ամենածանր  պայմաններին, ինչը  նշանակում  է,  որ  ավանդական միջոցներով ռուսին  «ստրկացնել»  հնարավոր  չէ:  Ռուս  ժողովուրդն  ունի  մեծ  մարդկային  ներուժ,  նախ  ամենաընթերցասեր  ազգերից  մեկն  են,  ինչն  իր  պտուղը  տալիս  է  տարբեր  ոլորտներում  (այսօր  անգամ  արևմտյան  տեղեկատվական  տեխնոլոգիաների  ոլորտի  մասնագետներից  շատերը  ռուսներ  են),  մյուս  կողմից  ռուսը  կարողանում  է  առկա  խնդիրներին  երբեմն  ոչ  ստանդարտ  այնպիսի  լուծումներ  գտնել,  որը  արևմտյան  տրամաբանության  մեջ  ընդհանրապես  չի  տեղավորվի: Ռուս  ժողովրդի  ներուժի  թերագնահատման  արդյունքներ  էր,  որ  և՛  Նապոլեոնը,  և՛  Հիտլերը  չկարողացան  դառնալ «աշխարհի տիրակալներ»:


ԱՄՆ-ը  հստակ  հասկանում  է,  որ  Ռուսաստանին  այլ  տարածաշրջանային  բևեռների  հետ  միասին  կարող  է  զգալիորեն  սասանել  իր  միջազգային  հեգեմոն  դիրքերը,  ուստի  ամեն  կերպ  փորձում  է  կասեցնել  Ռուսաստանի  միջազգային նախաձեռնողականությունը:

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ