Սերժ Սարգսյանի «ներքաղաքական պարտիան» (2007-2017)

Սերժ Սարգսյանի «ներքաղաքական պարտիան» (2007-2017)

ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԷՊԻԼՈԳԸ.

2007 թվականի տարեսկզբին  Հայաստանի  նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը, Հանրապետական կուսակցությունը ղեկավարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Պաշպանության նախարարն էր Սերժ Սարգսյանը: Ազգային ժողովում էին 6 քաղաքական ուժ (ՀՀԿՕրինաց երկիրՀՅԴ, «Արդարություն» դաշինք, «Ազգային միաբանություն» և «Միավորված աշխատանքային կուսակցություն»): Սակայն քոչարյանական իշխանության ժամանակաշրջանը ավարտը հայաստանյան քաղաքական դաշտում լուրջ փոփոխությունների մեկնարկ ազդարարեց:

Վարչապետ Մարգարյանի մահից հետո (2007 թ. մարտ) Հայաստանում հաստատվել էր երկիշխանական համակարգ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողքին բարձրանում էր երկրի քաղաքական գործընթացների նոր ճարտարապետը՝ Սերժ Սարգսյանը:

2007 թմայիսի 12-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունները Սերժ Սարգսյանի համար, ով նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը և Հանրապետական կուսակցության ղեկը, քաղաքական օլիմպի վերջին աստիճանին հասնելու առաջին քայլն էր:

Ընտրությունների արդյունքում Ազգային ժողով անցան 5 կուսակցություն (նախկին խորհրդարանի 3 քաղաքական ուժ դուրս մնաց ակտիվ քաղաքական պայքարից).

  • Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 64 մանդատ
  • Բարգավաճ Հայաստան կուսակցություն – 28 մանդատ
  • Հայ Յեղափոխական Դաշնակցություն – 16 մանդատ
  • Օրինաց երկիր կուսակցություն – 9 մանդատ
  • Ժառանգություն կուսակցություն – 7 մանդատ

Այդպիսով ուրվագծվեց, թե որ ուժերն են որոշելու հայաստանյան քաղաքական զարգացումների տրամաբանությունը: Խորհրդարանական ուժերը հիմնական լոյալ էին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, բացառել կարելի է  միայն «Ժառանգությանը»:

Քոչարյանը բացարձակ մտադրություն չուներ իր պաշտոնավար ավարտից հետո դուրս գալ ակտիվ քաղաքականությունից: Հենց այդ նպատակի համար վարչապետ Սերժ Սարգսյանի հետ ձևավորել էր տանդեմ, որը ռուսաստանյան Պուտին-Մեդվեդև տարբերակով պաշտոնների փոխատեղում էր անելու՝ պահպանելով Քոչարյանի իրական իշխանությունը:

Սակայն քոչարյանական խաղաքարտերը խառնեց քաղաքական թատերաբեմ իջած նոր ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ».

2008 թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ցույց տվեց նոր պայմաններում երկրի քաղաքական դերակատարների իրական ներուժը: Սերժ Սարգսյանը, իշխանական ադմինիստրատիվ ռեսուրսի գործադրմամբ, ընտրությունների առաջին փուլում ստացավ ընտրողների ձայների 52,8 տոկոսը, ըստ երևույթին ցույց տալով, որ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի ընդդիմության «երկրորդ փուլի համախմբման» ոչ մի շանս չի տալու:

Նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, թե որոնք են Հայաստանի ներքին քաղաքականության դերակատարները, ում ազդեցության սանդղակը դասավորվեց հետևյալ կերպ.

  • Սերժ Սարգսյան (Հանրապետական),
  • Լևոն Տեր-Պետրոսյան (Հայ ազգային կոնգրես),
  • Գագիկ Ծառուկյան (Բարգավաճ Հայաստան),
  • Արթուր Բաղդասարյան (Օրինաց երկիր),
  • Վահան Հովհաննիսյան (Դաշնակցություն),
  • Րաֆֆի Հովհաննիսյան (Ժառանգություն):

Քաղաքականություն կերտելու բավարար ներուժ ունեցող այս գործիչներին պետք է ավելացնել նաև Ռոբերտ Քոչարյանին, ով թեև  մարտի 1-ի դեպքերի պատճառով հարկադրված էր դուրս գալ ակտիվ քաղաքականությունից, սակայն իր ազդեցության լծակներն ուներ նշված քաղաքական գործիչներից ու կուսակցությունների ոմանց վրա, մասնավորապես Քոչարյանի քաղաքական ոչ ֆորմալ պլատֆորմն էր դարձել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը:

Հայաստանի քաղաքական-տնտեսական էլիտայի մնացյալ ողջ ներկապնակը այսպես, թե այնպես կախված էր վերը նշված «քաղաքական յոթնյակի» հետ:  Լուրջ քաղաքական ներուժ ունեցող գործիչների ցանկում 2008 թվականին հայտնվեց նաև Հովիկ Աբրահամյանը, ով նախ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, ապա ստանձնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը:

Ներքին քաղաքական զարգացումների բուրգի գագաթին կանգնած էր Սերժ Սարգսյանը, ով և նպատակադրված էր իր իշխանության աճին հակադարձ համեմատականով նվազեցնել քաղաքական դաշտը ազդեցիկ գործիչների դերը:

«Սարգսյանական պարտիայի» չորս տարվա արդյունքն պարզ երևաց 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որտեղ վերը նշված հիմնական քաղաքական ուժերից չորսը կորցրեցին իրենց էլեկտորատի զգալի մասը՝ հազիվ կարողանալով հաղթահարել ընտրությունների անցող շեմը:

Հայ ազգային կոնգրեսը, ստացավ 107.000 քվե, երբ 2008-ին Տեր-Պետրոսյանը 3,5 անգամ ավելի շատ ձայն էր ստացել: Օրինաց երկիրը ստացավ 6 մանդատ, Դաշնակցությունը՝ 5, իսկ Ժառանգությունը (Ազատ դեմոկրատների հետ միասին)՝ 5 մանդատ:

Ընտրությունների արդյունքում իրենց դիրքերը զգալիորեն բարելավեցին Հանրապետականը, որը 5-րդ գումարման Ազգային ժողովում ուներ արդեն 69 մանդատ և Բարգավաճ Հայաստանը, որը ստացել էր 37 մանդատ: Նման պայմաններում ակնհայտ դարձավ, որ Հայաստանում քաղաքականություն կերտելու ներուժ ունեն միայն երկու կուսակցություն՝ ՀՀԿ և ԲՀԿ:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Ու ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԸ.

Հանրապետական կուսակցության քաղաքականության գծագրում էր Սերժ Սարգսյանն էր, իսկ ԲՀԿ-ում Գագիկ Ծառուկյանի ֆորմալ իշխանությունը համադրվում էր Ռոբերտ Քոչարյանի ազդեցությամբ: Այդ ընթացքում իշխանական համակարգի ներսում աճում էր Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը:

Մնացյալ բոլոր կուսակցություններն ու քաղաքական գործիչները չէին տիրապետում բավարար քաղաքական ու տնտեսական ռեսուրսի Հայաստանում քաղաքականություն թելադրելու համար:

Սերժ Սարգսյանի իշխանության աճը նրան այլընտրանք հանդիսացող քաղաքական գործիչներին անգործության էր դրդում: Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու բաղձանքը մնում էր օդից կախված, իսկ Սարգսյանի երբեմնի ընտրական օպոնենտները քաղաքական ինքնաբացարկի մեջ էին:

Արդյունքում՝ 2013 թ. նախագահական ընտրություններում որպես Սարգսյանի հիմնական մրցակից մնաց Րաֆֆի Հովհանիսյանը, ով ի զարմանաս իրեն շուրջ 540 հազար ձայն ստացավ (36.75 տոկոս): Սակայն այդ ահռելի էլեկտորատն իրականում Հովհաննիսյանի քաղաքական հենասյունը չէր, այլ մեծամասամբ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընդդիմադիր տրամադրված զանգվածն էր: Ուստի և Հովհաննիսյանին չհաջողվեց կրիտիկական զանգվածը ճիշտ կոնսոլիդացմամբ հասնել քաղաքական վերափոխումների:

Ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում քաղաքական զարգացումների ինտրիգն երկու ուղղությամբ էր.

  • Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջ այլ ուժերի համախմբում և իշխանափոխության օրակարգ:
  • Հանրապետական կուսակցության և իշխանության ներսում ազդեցիկ երկու դերակատարների՝ Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի միջև մրցակցություն:

1. Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ և ՀԱԿ-ի ու Ժառանգության աջակցությամբ 2014 թվականի տարեվերջին արմատական գործընթացներին մեկնարկ տալու առաջին քայլերն արեց: Սակայն 2015 թվականի փետրվարին Գագիկ Ծառուկյանի քաղաքական կապիտուլյացիայից հետո այդ «ոչ իշխանական եռյակի» օրակարգը դուրս եկավ քաղաքական թատերաբեմից:

Այդ օրերին ձևավորվեց նոր իրողություն. հայաստանյան ներքին քաղաքականության մեջ սկսեց աճել Ռուսաստանի ազդեցիկ հայկական սփյուռքի դերը, որը հանդես էր գալիս Սերժ Սարգսյանի հետ համաձայնության և քաղաքական գերակայության պայմաններում:

Իսկ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունից դուրս գալը նոր քաղաքական ուժերի ձևավորման համար կատալիզատոր դարձավ: Նախկին բհկ-ական գործիչների բազայով ձևավորված ամենաազդեցիկ կուսակցությունը դարձավ Վարդան Օսկանյանի կողմից ղեկավարվող «Համախմբումը», որը լինելու էր Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հարթակը և ապահովելու էր նրա վերադարձը ակտիվ քաղաքականություն:

2. Սերժ Սարգսյան – Հովիկ Աբրահամյան մրցակցության արդյունքներից մեկն այն էր, որ Աբրահամյանը կարողացավ դեռ 2014 թվականի ապրիլին ստանձնել երկրի վարչապետի՝ բավականին մեծ լիազորություններ ունեցող պաշտոնը: Իսկ Ծառուկյանի «ապաքաղաքականացումից» հետո վարչապետը ոչ ֆորմալ ստանձնեց Բարգավաճ Հայաստան կուսակցության պատրոնաժը, որը պետք է դառնար իր քաղաքական ամբիցիաների «հինգերորդ անիվը»:

Սերժ Սարգսյանը ևս ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ էր. իր պաշտոնավարման ժամկետից հետո իշխանությունը չկորցնելու համար նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որով Հայաստանը անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի և տեսականորեն հնարավորություն ընձեռերեց Սարգսյանին կուսակցության (ՀՀԿ) գերակայությամբ ղեկավարել երկիրը:

Խորհրդարանական համակարգի անցումը պարարտ հող դարձավ նաև այլ նոր կուսակցությունների առաջացման համար: 2015 թվականին քաղաքական ասպարեզում հայտնվեցին ևս երկու նորաստեղծ կուսակցություններ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան», որոնց նպատակն էր ձևավորել նոր ընդդիմադիր բևեռ և մտնել խորհրդարան:

Սարգսյան — Աբրահամյան առճակատման արդյունքը որոշվեց 2016 թվականի սեպտեմբերին, երբ Հովիկ Աբրահամյանը ստիպված եղավ հրաժարական տալ գործադիրի ղեկավարի պաշտոնից՝ ըստ երևույթին դատապարտվելով քաղաքական «մեկուսացման»: Սարգսյանը կարողացավ ազատվել իր հիմնական քաղաքական մրցակիցներից մեկից, իսկ վարչապետի պաշտոնը ստանձնեց մոսկովյան սփյուռքի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը, ով իշխանություններին պետք էր նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններում նոր կերպարով հանդես գալու համար:

ՄԵՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ.

Խորհրդարանական ընտրություններից առաջ չնայած բազմաթիվ նորաստեղծ կուսակցությունների առաջացմանը, սակայն դրանք չկարողացան գրավել այն քաղաքական պլաստը, որը զբաղեցնում էր ծառուկյանական ԲՀԿ-ն, իսկ դրա հստակ արտահայտություն էր խորհրդարանական ընտրությունների նախերգանք հանդիսացող ավագանու ընտրությունները հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում:

ՏԻՄ ընտրությունների արդյունքները Սարգսյանի մտահոգության տեղիք տվեցին, որ ԱԺ ընտրությունների ժամանակ հնարավոր է իր հակառակորդներ ուժերի քաղաքական կոնսոլիդացիա, ինչը թույլ չտալու համար կրկին քաղաքականություն վերադարձավ արդեն նախագահի լոյալության ներքո գործող Գագիկ Ծառուկյանը:

Ապրիլյան խորհրդարան ընտրությունները ձևավորեցին բացարձակապես նոր քաղաքական իրողություն:  Քաղաքական գործընթացների դուրս մնացին դեռ 10 տարի առաջ քաղաքական լուրջ կշիռ ունեցող  Հայ ազգային կոնգրեսը (Լևոն Տեր-Պետրոսյան), Օրինաց երկիրը (Արթուր Բաղդասարյան), Ժառանգությունը (Րաֆֆի Հովհաննիսյան), տապալվեց նաև Ռոբերտ Քոչարյանի «համախմբման» նախագիծը:

Դաշնակցությունն ու վերածնված Բարգավաճ Հայաստանը Սերժ Սարգսյանին սյուզերենությամբ  մտան խորհրդարան: Վեցերորդ գումարման ԱԺ վերջին ուժը դարձավ նորաստեղծ «Ելք» դաշինքը («Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններ), որի ընդդիմադիր գործունեությանը գնահատական հնարավոր է տալ միայն ժամանակի ընթացքում: Այսօր խորհրդարանն ունի հետևյալ կազմ.

  • Հանրապետական – 58 մանդատ,
  • Ծառուկյան դաշինք – 31 մանդատ,
  • Ելք դաշինք – 9 մանդատ,
  • Դաշնակցություն – 7 մանդատ:

Այդպիսով՝ 10 տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը կարողացավ խաղից հանել իր բոլոր քաղաքական մրցակիցներին և ստանձնեց  երկրի ներքին քաղաքական կուրսի միանձնյա ճարտարապետությունը:

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ