21-րդ դարում աշխարհաքաղաքական խաղի կանոնները թելադրում է Միացյալ Նահանգները. ԱՄՆ-Ռուսաստան սառը պատերազմի ավարտից հետո «Պատմության ավարտն» ազդարարող նոր աշխարհակարգում ամերիկյան հեգեմոնիան անքննելի է: Ու խնդիրը միայն այն չէ, որ ԱՄՆ-ն աշխարհի գերհզոր տերությունն է տնտեսությամբ ու զինուժով, ոչ պակաս կարևորություն ունի գաղափարախոսությունը․ ազատականությանն ու ժողովրդավարությանն այլընտրանք չկա:
Կարծես՝ ողջ աշխարհը համակերպվել է ամերիկյան գերակայության հետ։ Որոշակիորեն ընդդիմանում է Ռուսաստանը, սակայն որքանով են վերջինիս աշխարհաքաղաքական ամիբիցիաներն իրատեսական:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ
Իրականությունն այն է, որ քառորդ դար առաջ Ռուսաստանը (ԽՍՀՄ—ը) պարտվել էր Արևմուտքի հետ պատերազմում, արդյունքում արժանացել էր կրտսեր գործընկերոջ կարգավիճակի, որի ձայնը բնավ հավասար չէ «ավագ գործընկերոջ» թելադրանքին:
Պուտինյան Ռուսաստանը փորձեց հակադրվել այդ իրողությանը, սակայն միակ ակներև արդյունք եղավ Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության պահպանությունը: Իսկ երբ Պուտինը սկսեց լրջորեն քայլեր ձեռնարկել «ԽՍՀՄ վերածննդի» ուղղությամբ, բախվեց լուրջ խոչընդոտների:
Առաջին ակներև տարաձայնությունն եղավ 2008 թվականին Վրաստանում. աբխազական ու հարավօսական «գամբիտի» արդյունքում Կրեմլը կորցրեց տեսանելի ապագայում Վրաստանում գերակայություն ստանալու հնարավորությունը: Սակայն անգամ այդ փոքր տարածքների «ձեռքբերումը» ծանր նստեց Մոսկվայի համար. ճիշտ ժամանակին խաղարկված «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի» արդյունքում Ռուսաստանի տնտեսությունն նախկին զարգացման դինամիկայից զրկվեց:
Արևմուտքի հետ մյուս լուրջ առճակատումն եղավ 2014 թվականին, երբ արդեն վերցնելով Ղրիմը՝ Մոսկվան կորցրեց ողջ Ուկրաինան: Այս «ծավալապաշտական» քաղաքականությունը Ռուսաստանի «սանկցիավորված» տնտեսության համար ծանր հետևանքներ ունեցավ. այլևս Կրեմլին միջոցները չեն բավարարում երկրի ներքին խնդիրները հարթելու համար, ուստի միջազգային հարթակներում պուտինյան դիվանագիտության ձայնը զգալիորեն խլացել է:
Այսօր Պուտինի գերնպատակը Եվրասիական միության կայացումն է։ Թեպետ այդ նախագծով Ռուսաստանը այլընտրանք չի կարող ներկայացնել եվրաատլանտյան դաշինքին, այնուհանդերձ ԱՄՆ-ը փորձում է հնարավորինս սահմանափակել մոսկովյան նկրտումների աշխարհագրական արեան։ Վաշինգտոնն ունի Ռուսաստանին առնչվող լուրջ մտահոգություններ։
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՄԵՐԻԿՅԱՆ 3 ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
ԱՄՆ-Ռուսաստան տնտեսական ներուժի տարբերությունն ահռելի է, անվանական ՀՆԱ-ով Ռուսաստանը զիջում է 10-15 անգամ: Սակայն Ռուսաստանի Դաշնությունն ունի նավթի և գազի զգալի պահուստներ, որը կարող է դառնալ երկրի տնտեսական ինքնաբավության հիմքը: Ռուսաստանի տնտեսական մեծ ներուժի կարևորագույն խթանն է հսկայածավալ տարածքներ. օրինակ սիբիրյան անտառների զուտ տնտեսական արժեքն ավելի բարձր է, քան անգամ Ռուսաստանի ողջ գազի պահուստների արժեքը: Այսօր Ռուսաստանը քայլ առաջ է կատարում և ցանկանում է ինստիտուցիոնալ հիմքով ընդլայնել իր տարածքները (ազդեցության գոտին)՝ ձևավորելով Եվրասիական տնտեսական միությունը: Արևմուտքն առաջնահերթ փորձում է թույլ չտալ այդ ծրագրի իրագործմանը՝ առնվազն քաղաքական բաղադրիչի առումով։
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
Խորհրդային միության փլուզումից հետո Ռուսաստանը կարողացավ պահել իր սուվերենությունը միայն ռազմական ներուժի և մասնավորապես միջուկային զենքի շնորհիվ: Այսօր Ռուսաստանը կրկին առաջատար դիրքերում է ռազմական ոլորտում, զիջում է միայն ԱՄՆ-ին. աշխարհում տանկերի և միջուկային մարտագլխիկների քանակությամբ առաջին տեղում է: Հիշեցնենք, որ ըստ Պուտինի պլանի, մինչև 2020 թվականը Ռուսաստանը պետք է թարմացներ իր միջուկային զինանոցը ամբողջությամբ: 2020 թ. բանակն ու նավատորմը պետք է անցնեին «գերժամանակակից» սպառազինության 70 տոկոսով: Արևմտյան պատժամիջոցների պատճառով այս հարցում Ռուսաստանը մեծ խնդրի բախվեց, պուտինյան երազանքները չիրականացան։ Ռուսաստանի ռազմական ներուժի վերականգնման դեպքում Մոսկվան կկարողանա վերահսկողություն հաստատել նախկին Միության գրեթե ողջ տարածքում:
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
Ինչքան էլ կարևոր լինեն տնտեսական և ռազմական հնարավորությունները, սակայն Ռուսաստանի իրական հզորության գրավականն իրականում ռուս ազգի հոգեկերտվածքի մեջ է: Սովորական ռուսը հավատում է իր ազգի բացառիկությանը, հավատում է, որ Ռուսաստանն «առանձնահատուկ ուղի» ունի: Իսկ վերջին շրջանում պետականորեն հովանավորվում է նաև այդ «բացառիկ ուղու» քարոզչությունը: Հանուն այդ գաղափարի ռուսները պատրաստ են դիմանալ ամենածանր պայմաններին, ինչը նշանակում է, որ ավանդական միջոցներով ռուսին «ստրկացնել» հնարավոր չէ: Ռուս ժողովուրդն ունի մեծ մարդկային ներուժ, նախ ամենաընթերցասեր ազգերից մեկն են, ինչն իր պտուղը տալիս է տարբեր ոլորտներում (այսօր անգամ արևմտյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներից շատերը ռուսներ են), մյուս կողմից ռուսը կարողանում է առկա խնդիրներին երբեմն ոչ ստանդարտ այնպիսի լուծումներ գտնել, որը արևմտյան տրամաբանության մեջ ընդհանրապես չի տեղավորվի: Ռուս ժողովրդի ներուժի թերագնահատման արդյունքներ էր, որ և՛ Նապոլեոնը, և՛ Հիտլերը չկարողացան դառնալ «աշխարհի տիրակալներ»:
ԱՄՆ-ը հստակ հասկանում է, որ Ռուսաստանին այլ տարածաշրջանային բևեռների հետ միասին կարող է զգալիորեն սասանել իր միջազգային հեգեմոն դիրքերը, ուստի ամեն կերպ փորձում է կասեցնել Ռուսաստանի միջազգային նախաձեռնողականությունը: