Ընդդիմադիր շարժում․ նախկիններ-ներկաներ-այլընտրանքներ, հանգուցալուծման սցենարներ

2022 թ․ ապրիլին սկիզբ առած հայաստանյան ներքին քաղաքականության տրամաբանությունը հասկանալու համար անհրաժեշտ է նախ հստակեցնել վերջին 4 տարում Հայաստանում տեղ գտած առանցքային իրադարձությունները։

ՁԵՐԲԱԶԱՏՈՒՄ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ

2018 թ․ մայիսին Թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը։ Հեղափոխության հաղթանակի գրավականը նախկին իշխանություններից ձերբազատումն էր, «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» կարգախոսն իր մեջ ամփոփում էր քաղաքացու դժգոհությունը վերջին 20 տարվա կառավարման շուրջ, որի խորհրդանիշներն էին նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Այդպիսով իրականացվեց «նախկիններից ազատվելու» գործողությունը։

ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՆԵՐԻՑ

Փաշինյանական իշխանությունների կողմից առարկայական ու հիրավի հեղափոխական ծրագրեր կյանքի չկոչվեցին, իսկ նախորդ իշխանությունների ներկայացուցիչները, ում մեղադրում էին անհաջողությունների համար, այդպես էլ չպատժվեցին։ Աստիճանաբար կուտակվում էր դժգոհություն նոր իշխանություններին, ինչը հասավ իր ծայրակետին 2020 թ․ արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտության արդյունքում։ Այդ իրավիճակում առկա ժողովրդական դժգոհության ամենամեծ դրոշակակիր հանդես եկան «նախկինները» և նրանց հետ ասոցացվող ուժերը։

ԵՐԿԸՆՏՐԱՆՔ, ԱՌԱՆՑ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ

Քաղաքացիները որքան էլ դժգոհ էին ներկա իշխանություններից, սակայն որպես այլընտրանք տեսնում էին միայն նախկիններին, երրորդ ճանապարհ առաջարկող նախաձեռնությունները ռեսուրսների անբավարարության արդյունքում հայտնվել էին փակուղում։ Արդյունքում ընդվզող քաղաքացին բավարար զանգված չգեներացրեց փողոցից քաղաքական փոփոխություններ պարտադրելու համար։

Քաղաքական լարվածության պարպում եղավ արտահերթ ընտրությունների միջոցով՝ 2021 թ․ հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցեցին ռեկորդային թվով՝ 25 քաղաքական ուժեր, սակայն իշխանություններին այլընտրանք հանդիսացող և բավարար ներուժ ունեցող ուժերը միայն «նախկիններն» էին։ Քաղաքացին հայտնվեց անելանելի դիլեմայի առջև․

  • Վերադարձ անցյալին,
  • Պարտված իշխանություններ,
  • Անարդյունք այլընտրանք։

Ընտրելով «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքներին՝ քաղաքացին քվեարկում էր նախկինների վերադարձի համար, ինչը ժողովրդի զգալի մեծամասնության համար անընդունելի էր։ Սակայն քաղաքացին չէր տեսնում այլընտրանքն ի դեմս նոր ուժերի, արդյունքում՝ ստիպված էր ընտրել պարտված իշխանություններին, քանի որ ներկաներին ավելի փոքր չարիք համարեց, քան նախկիններին։

ՆՈՐ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, «ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ»

Հետընտրական Հայաստանում փաշինյանական իշխանությունները կրկին որևէ լուրջ հաջողություն չարձանագրեցին, քաղաքացու մոտ հիասթափության մակարդակն էլ ավելի բարձրացած։ Ներքաղաքական լարվածության նոր առիթ հանդիսացավ արցախյան բանակցային գործընթացից բխող մտահոգությունները։

Ընդդիմությունը ապրիլի վերջին մեկնարկ տվեց փողոցային պայքարի նոր փուլի, որը կոչվեց «Դիմադրության շարժում»։ Անհնազանդության այս նախաձեռնությունների հիմնական կարգախոսներ են՝ «Զարթնիր Լաո» և «Առանց Նիկոլ Հայաստան»։ «Դիմադրության շարժումը» իր գործողությունները ներկայացնում է ոչ թե որպես զուտ ներքաղաքական պայքար, այլ մաքառում Արցախի և անգամ Հայաստանի անկախ գոյության համար։

Շարժումը կարող է համախմբել որոշակի թվով անձանց ու քաղաքական ուժերի, սակայն քանի որ նախաձեռնության հիմքում կրկին կանգնած են նախկինները՝ «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչները, այն կրկին չի ստանում բավարար ժողովրդականություն։ «Նախկինների» և «ներկաների» անընտրանք վիճակը հանգեցնում է քաղաքացիների զգալի հատվածի աբսենտեիզմին։

ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ 3 ՍՑԵՆԱՐՆԵՐ

ԵԼՔ 1․ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՐՈՒՄ․

Փողոցային ընդվզումներն աստիճանաբար կմարեն, քանի որ չեն ստանա ժողովրդի բավարար աջակցությունը կամ իշխանությունները կոշտ միջոցների կդիմեն ընդվզումը ճնշելու համար։ Ընդդիմության ներկայացուցիչները, համակերպվելով իրենց պարտության մտքին, կհայտարարեն պայքարի ձևաչափը վերափոխելու մասին, կդադարեցնեն փողոցային պայքարը։

ԵԼՔ 2․ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ․

Շարժումն աստիճանաբար կընդլայնվի, արդյունքում ընդդիմության ներկայացուցիչները կհարկադրեն իշխանություններին հրաժարական տալու։ Հարկադրանքը կարող է լինել և՛ ժողովրդական զանգվածների ճնշմամբ, և՛ այլ մինչև իսկ անօրինական գործողություններին իրագործմամբ, և՛ անգամ արտաքին ուժերի ներգործությամբ։ Այս սցենարն առավել հավանական է Հայաստան-Ադրբեջան հիմնարար որևէ փաստաթղթի ստորագրումից հետո, երբ այլևս “post factum” փոփոխությունները անհնարին կլինեն։

Իշխանափոխությունից հետո հաջորդական քայլերը կլինեն նոր կառավարության ձևավորումը, ապա ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։

ԵԼՔ 3․ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ․

Ազգային շահի տեսանկյունից իրավիճակի օրհասականության ընկալմամբ շարժման մասնակիցները և իշխանությունների ներկայացուցիչները համաձայնության կգան երկխոսության շուրջ։ Երրորդ ուժի միջնորդությամբ կձևավորվի բանակցային հարթակ (ազգային, համահայկական շեշտադրումներով), որի օրակարգում կլինի Արցախի հարցը, դրա հայանպաստ լուծումը։ Համաձայնություն ձեռք կբերվի Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական դիրքորոշում ձևավորելու և հաջորդական քայլերով իրագործելու շուրջ։

Այս սցենարն առավել պրոդուկտիվ կլինի, սակայն դրա իրագործման համար անհրաժեշտ է հայաստանյան ներքին քաղաքական գործընթացների մեջ նվազագույն հետաքրքրվածություն ունեցող, համահայկական մակարդակում բարձր հեղինակություն ունեցող անձի կամ կառույցի նախաձեռնողական միջնորդություն, ում կողմից ներկայացված համերաշխության պլանը հավասարապես ընդունելի կլինի և՛ Հայաստանի իշխանությունների, և՛ ընդդիմության, և՛ Արցախի, և՛ Սփյուռքի համար։

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ