Հայաստանի աշխարհաքաղաքական արժեքը. «գաղու՞թ», թե՞ «բուֆերային գոտի»

Մեծ տերությունները փոքր ազգերին ղեկավարելու համար պատմության ընթացքում ձևավորում էին կայսրություններ, իսկ այսօր դրանց փոխարինում են «ազդեցության գոտիները»: Այժմ էլ մետրոպոլիաներից կախվածությունը չի վերացվել, այլ վերածվել է «թվացյալ անկախության» քաղաքականության:

Հայաստանը ևս հարկադրված է համակերպվել առկա աշխարհաքաղաքական իրողություններին, այս իրավիճակում ո՞րն է մեր երկրի ընտրությունը:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱԶԴԵՑԻԿ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ

Ռուսատանը Հարավային Կովկասի ամենաազդեցիկ կենտրոնն է. Մոսկվան Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունի, ռազմավարական գործընկերություն՝ Ադրբեջանի հետ, ինչպես նաև բարիդրացիական մրցակցային հարաբերություններ Թուրքիայի ու Իրանի հետ: Կրեմլի հարավկովկասյան գերակայության «աքիլլեսյան գարշապարը» Վրաստանն է: Եթե Մոսկվան գերակայության հասներ Թբիլիսիի նկատմամբ, ապա իր հեգեմոնիան Հարավային Կովկասում անքննելի կլիներ:

Թուրքիայի ազդեցությունը հիմնվում է «եղբայրական» Ադրբեջանի վրա: Այդ երկրները բավականին ջերմ հարաբերություններ ունեն նաև Վրաստանի հետ, որի տարածքով իրականացվում են էներգետիկ ու տնտեսական նախագծերը: Անկարայի կողմից տարածաշրջանի «թյուրքացման» հիմնական խոչընդոտը Հայաստանն է, որը հնարավորության դեպքում կվերացներ:

Իրանը հարաբերականորեն չեզոք դիրքորոշում է պահպանում հնարավորության դեպքում ակտիվանալու պատրաստակամությամբ, սակայն այս պահին դեռ նախադրյալներ չկան:

Չինաստանը որպես կայացող գլոբալ տերություն իր հետաքրքրություններն ունի աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում և Հարավային Կովկասում, սակայն չինական ազդեցությունը մեր տարածաշրջանում դեռ բավականաչափ նշմարելի չէ:

Արևմուտքը (ԱՄՆ և Եվրամիություն) միակ կենտրոնն է, որը այս պահին կարող է այլընտրանք լինել ռուսական գերակա ազդեցությանը: Եվրամիության համար տարածաշրջանը կարևորվում է «էներգետիկ տրանզիտի» իրականացման տեսանկյունից, իսկ քաղաքական ազդեցությունն ԱՄՆ մենաշնորհն է: Արևմուտքի հիմնական ապավենը Վրաստանն է, սակայն և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը այդ կենտրոնի հետ ապագա դաշնակցության տեսլականը չեն բացառում:


ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻԼԵՄԱ

Սկզբունքորեն Հարավային Կովկասում առկա են ազդեցության երկու հիմնական կենտրոններ, որոնց հետ Հայաստանը կարող է համագործակցել: Այստեղ կրկին գործ ունենք Մոսկվա-Վաշինգտոն աշխարհաքաղաքական դուալիզմի հետ, իսկ ինչ նշանակություն ունի Հայաստանն այդ կենտրոնների համար: Այստեղ չենք անդրադառնում կոնկրետ այս պահին համագործակցության առկա հնարավորությունների մասին, այլ միայն ներկայացնում ենք աշխարհաքաղաքական ու ազգային շահերի համադրելիությունը:

ԳԱՂՈՒԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Մոսկվան Հայաստանին վերաբերվում է որպես իր «գաղութ» և եթե ռուսական շահերը թելադրեն, ապա Հայաստանը կարող է նաև ուծացվել, մասնատվել կամ «նվիրաբերվել» այլ երկրի: Պատմության դասը ցույց է տալիս, որ Հայաստանը մեկ դար առաջ կորցրեց Կարսը, Նախիջևանն ու Արցախը հենց Ռուսաստանի կողմից Թուրքիային սիրաշահելու պատճառով: Այժմ էլ սիրախաղը շարունակվում է, եթե Անկարան ցանկություն հայտնի միանալ Ռուսաստանի կողմից ղեկավարվող որևէ քաղաքական նախագծի (օրինակ Եվրասիական միությանը), Մոսկվան, ենթադրաբար,  զիջումների կգնա կրկին Հայաստանի հաշվին:

Ռուսաստանի տարածաշրջանային նպատակն է պահպանել Հայաստանի կիսաանկախ կարգավիճակը, իսկ հնարավորության դեպքում միավորել իր կողմից ղեկավարվող քաղաքական կառույցի ներքո (ԽՍՀՄ-2):

ԲՈՒՖԵՐ ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ

Վաշինգտոնն իր՝ որպես գլոբալ տերության տարածաշրջանային ազդեցությունն ապահովելու համար առաջնորդվում է հին հռոմեական «divide et impera» (լատիներենից — «բաժանիր, որ տիրես») սկզբունքով, որի պարագայում սուվերեն պետությունների անկախության պահպանումը տարածաշրջանային տերությունների ամբիցիաները չեզոքացնելու միջոց է: Վաշինգտոնի համար Հայաստանն ու Վրաստանը դիտարկվում են որպես «բուֆերային գոտի» երկու թյուրքական երկրների, նաև Ռուսատանի ու Իրանի միջև:

ԱՄՆ-ի տարածաշրջանային նպատակն է Հայաստանի անկախ պետականության հարատևությունը:

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ