Հայաստան-Արցախ. հնարավորություններ և սպառնալիքներ

Անկախացումից  հետո  հայ  ազգի  կարևորագույն  հաղթանակը  ԼՂՀ  ձևավորումն  է,  սակայն  այդ  հաղթանակը  դեռևս  վերջնական  չէ,  քանի  որ  ԼՂՀ-ն  դեռ  չի  ճանաչվել  համաշխարհային  հանրության  կողմից:  Այս  պայմաններում  մեզ  վրա  մեծ  պարտականություն  է  դրված  սխալներ  թույլ  չտալու  ու  ճիշտ  ներկայանալու:  Այդ  ներկայացման  հարցը,  որը  ինչ-որ  տեղ  գաղափարախոսական  ենթատեքստ  ունի  իր  մեջ,  իսկ  «մեկ  ազգ,  մեկ  պետություն»  կամ  «մեկ  ազգ,  երկու  պետություն»  կարգախոսները  գործնականում  գաղափարախոսական  բավականին  տարբերվող  հիմքեր  են  ձևավորում:  Փորձենք  հասկանալ,  թե  ո՞րն  է  դրանցից  մեզ՝  հայերիս  համար  նախընտրելի  տարբերակը:

Հայաստանի  Հանրապետության  ազգային  անվտանգության  ռազմավարության  մեջ  նշված  է,  որ  «Հայաստանի  Հանրապետության  ազգային  անվտանգության  առանցքային  խնդիրն  է  Լեռնային  Ղարաբաղի  հակամարտության  կարգավորումը»:  Իսկ  որպես  արտաքին  սպառնալիք  նախևառաջ  շեշտվում  է.  «Հայաստանի  և  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  հանդեպ  զինված  ուժի  կիրառման  բացահայտ  սպառնալիքներ  են  հնչում  Ադրբեջանի  Հանրապետության  կողմից:  Թեև  առկա  են  այդպիսի  զարգացումը  կանխող  բազմաթիվ  գործոններ,  այնուամենայնիվ  ամենաբարձր  մակարդակով  հնչող  բացահայտ  ռազմաշունչ  հայտարարությունները  հիմք  են  տալիս  դրանք  համարելու  անմիջական  սպառնալիքներ:  Այդպիսի  զարգացման  պարագայում  Թուրքիայի  Հանրապետությունը,  լինելով  Ադրբեջանի  ռազմավարական  դաշնակիցը,  նույնպես  կարող  է  նման  սպառնալիք  ստեղծել»:  Սա  ցույց  է  տալիս  ընդհանուր  հարցի  կարևորությունը:

Պետք  է  նշել,  որ  երևույթը  (կարգախոսի  ընկալումը)  պետք  համակողմանի  դիտարկել:  Իհարկե  Հայաստանի  արտաքին  քաղաքականության  հիմնական  ու  կարևորագույն  խնդիրը  հենց  ԼՂՀ  հարցի  լուծումն  է,  սակայն  այն  բազմաթիվ  հանգամանքներ  է  պարունակում:  Քանի  դեռ  լուծված  չէ  ԼՂՀ  անկախության  ճանաչման  հարցը,  քանի  դեռ  վերջնական  խաղաղություն  չի  հաստատվել  մենք  չենք  կարող  միանշանակ  մոտեցում  ցուցաբերել:

Այն  հարցը,  թե  արդյոք  պետք  է  լինի  «մեկ  ազգ,  երկու  պետություն»  կամ  «մեկ  ազգ,  մեկ  պետություն»  ունի  երկու  դիտարկման  հարթություններ՝  հիմնահարցի  ներկայացման  մակարդակը  և  ժամանակագրական  կտրվածքը,  որոնք  ինչ-որ  տեղ  իրար  փոխլրացնում  են:

Որո՞նք  են  մակարդակները:  Խնդիրը  դիտարկվում  է  երկու  մակարդակներում՝  միջպետական,  միջազգային  հարաբերությունների  մակարդակում  և  ներպետական,  հասարական  գիտակցության  մակարդակում:

Միջազգային  հարաբերությունների  մակարդակ  –  այս  համատեքստում    խնդիրը  դիտարկելիս  պետք  է  նախ  հաշվի  առնել,  թե  որոնք  են  այս  դաշտում  վրա  գոյություն  ունեցող  խաղի  կանոնները,  իսկ  դրանք  միջազգային  իրավունքի  սկզբունքներն  են,  որոնց  մասին  մասնավորապես  որոշակի  պայմանավորվածության  հանգեցին  միջազգային  դերակատարները  ԵԱՀԽ  (այժմ  ԵԱՀԿ)  1975  թ.  Հելսինկյան  եզրափակիչ  ակտով:  Նախանշվեցին  տասը  սկզբունքներ,  որոնցից  Ղարաբաղյան  հիմնախնդիրն  առավելապես  առնչվում  են  երկուսը՝  «Ազգերի  ինքնորոշման»  և  «Տարածքային  ամբողջականության»  (որպես  հակամարտության  լուծման  բանաձև  գործում  է  «Մինսկի  խումբը»՝  ԱՄՆ,  ՌԴ,  Ֆրանսիա  կազմով):  Սկզբունքորեն  որոշակի  դատողություններ  կան,  թե  այս  սկզբունքները  հակասում  են  միմյանց,  ու  այդ  ասվածի  մեջ  ճշմարտության  բաժին  կա:  Սակայն  ժամանակակից  աշխարհակարգը  հիմնականում  շեշտում  է  «ստատուս  քվոյի»  պահպանման  խնդիրը,  ուստի  նման  իրավիճակներում  դժվար  է  իրականացնել  փոփոխություններ  աշխարհի  քաղաքական  քարտեզի  վրա՝  մասնավորապես  ձևավորել  նոր  պետություններ:  Սակայն  պետք  է  նշել,  որ  դա  էլ  է  սուբյեկտիվ,  եթե  գերտերությունների  (մասնավորապես  ԱՄՆ-ի)  շահերից  բխի  շատ  հեշտության  կարող  են  նոր  երկրներ  ի  հայտ  գալ  (ինչպես  Կոսովոն,  Հարավային  Սուդանը):  Վերջին  շրջանում  նկատելի  է  ևս  մեկ  միտում,  որ  ՌԴ-ն  ևս  զգացնել  է  տալիս  իրեն  որպես  նմանատիպ  գերտերություն,  որը  կարող  է  նոր  պետությունների  ձևավորման  համար  հենասյուն  լինել  (մասնավորապես  Հարավային  Օսիայի  և  Աբխազիայի  դեպքերը):

Սակայն  Ղարաբաղյան  հարցի  առնչությամբ  գերտերությունները  առանձնահատուկ  շահեր  չունեն:  Պետք  է  ասել,  որ  ԱՄՆ-ը  այս  տարածաշրջանում  առաջնային  նպատակ  հետապնդող  շահ  չունի,  ինչ-որ  տեղ  ԵՄ-ին  պետք  է  տարածաշրջանի  խաղաղությունը,  սեփական  ածխաջրածնային  հումքի  անխափան  ներկրումը  ապահովելու  համար,  իսկ  տարածաշրջանը  հանդես  է  գալիս  որպես  տրանզիտային  գոտի:  Պարզ  է,  որ  ԵՄ-ին  հետաքրքրում  է  զուտ  միայն  խաղաղության  պահպանումը՝  անկախ  հակամարտության  ելքից:  Պետք  է  նշել,  որ  այս  տարածաշրջանում  ավանդաբար  ու  նաև  այսօր  առաջնային  դեր  ունի  ՌԴ-ն,  որը  կարող  է  հարց  լուծել:  Ճիշտ  է  Հայաստանը  ՌԴ-ի  հետ  ռազմավարական  դաշնակցային  հարաբերությունների  մեջ,  սակայն  դա  չի  նշանակում,  որ  ՌԴ-ն  կարող  է  այդ  հենքով  խաչ  քաշել    Ադրբեջանի  հետ  հարաբերություններին,  առավել  ևս  եթե  հաշվի  առնենք  այդ  երկրի  տնտեսական  (ածխաջրածնային)  ներուժը  ու  դիրքը:  ՌԴ-ն  իր  ազդեցությունը  Հարավային  Կովկասում  պահելու  համար  պետք  է  մանևրի  Հայաստանի  ու  Ադրբեջանի  հետ  հարաբերություններում:  Գործնականում  ՌԴ-ի  համար  այսօր  նաև  նախընտրելի  է  նման  «ոչ  պատերազմ,  ոչ  խաղաղություն»  վիճակը,  քանի  որ  մյուս  կողմից  տարածաշրջանի  անկայունությունը  հնարավորություն  չի  տալիս  իրագործելու  արևմուտքի  տնտեսական  պլանները,  մասնավորապես  էներգակիրների  այլընտրանքային  փոխադրման  ուղիներ  գցելու  առումով:  Այդպիսով  ՌԴ-ն  կախվածության  մեջ  է  պահում  երկու  երկրներն  էլ:

Ստացվում  է,  որ  ոչ  մի  ազդեցիկ  միջազգային  դերակատար  շահագրգռված  չէ  հարցի  շուտափույթ  լուծմամբ՝  ի  նպաստ  այս  կամ  այն  կողմի:  Մնում  է  միայն  երկարատև  բանակցային  գործընթացը:

Բանակցային  գործընթացում  հայկական  կողմը  հանդես  է  գալիս  «ազգերի  ինքնորոշման»  սկզբունքի  դիրքերից՝  նշելով,  որ  հակամարտությունը  ոչ  թե  Հայաստանի  ու  Ադրբեջանի  միջև  է,  այլ  Ղարաբաղի  ու  Ադրբեջանի,  իսկ  Հայաստանը  հանդես  է  գալիս  որպես  միջնորդ:  Գործնականում  այստեղ  որոշակի  անհամապատասխանություն  կա,  եթե  հակամարտությունը  ԼՂՀ  –  Ադրբեջան  բնույթ  ունի,  ապա  պետք  է  բանակցեն  հենց  այդ  երկրները,  այլ  ոչ  թե  ՀՀ-ն,  ինչը  անշուշտ  1998  թ.  հայկական  դիվանգիտության  վրիպումն  էր,  ինչն  էլ  ամեն  կերպ  փորձում  են  շտկել  մինչև  օրս  հայ  դիվանագետները:      Մեզ  համար  ցանկալի  է,  որ  բանակցային  կողմ  ճանաչվի  ԼՂՀ-ն,  այդ  պարագայում  տրամաբանորեն  կգերակշռի  «ազգերի  ինքնորոշման»  սկզբունքի  հենքով  բանակցային  գործընթացը:  Իսկ  ներկա  իրականության  մեջ  ուղղակի  պետք  է  ընդունել,  որ  մենք  գտնվում  են  ոչ  այնքան  շահեկան  դիրքերում:

Ստացվում  է,  որ  հիմնախնդիրը  միջազգային  հարաբերությունների  մակարդակով  դիտարկելիս  ցանկալի  է  պահպանել  «մեկ  ազգ,  երկու  պետություն»  իրավիճակը:  Ու  դրանից  բացի  ամենևին  էլ  վատ  չի  լինի,  եթե  համաշխարհային  հարթության  վրա  մեր  ազգն  ունենա  երկու  հավասարազոր  ձայն,  այսինքն  գործնականում  մեզ  համար  ցանկալի  խնդիրներին,  մենք  կարող  են  երկու  սուբյեկտների  ջանքերով  հնչեղություն  հաղորդել:  Սակայն  այս  խնդիրն  էլ  ունի  իր  թերությունը,  որոնք  կապված  են  ազգաբնակչության  ընկալման  հետ:

Ներպետական  մակարդակ  –  այն  ինչ  նշվեց  միջպետական  հարաբերությունների  մասին  բավականին  դժվար  է  հասցնել  սովորական  մարդկանց  ընկալման  աստիճանի  ու  անգամ  անտրամաբանական  է:  Խնդիրը  հասարակական  շրջանակներում  պետք  է  ուրիշ  լույսի  ներքո  ներկայացավի:  Սովորական  հայը  (թե՛  ԼՂՀ-ում,  թե՛  ՀՀ-ում)  ցանկանում  է  երկիրը  միասնական  տեսնել  ու  չի  ուզում  ընդունել,  որ  նպատակահարմար  է  ԼՂՀ-ի  առանձին  սուբյեկտի  կարգավիճակով  գոյությունը:  Պետք  է  հասկանալ  որ  ազգի  ձևավորման  գործընթացը  մշտական  զարգացման  մեջ  է  գտնվում  ու  պետությունը  որպես  այդպիսին  բավականին  նպաստում  է  այդ  գործին,  եթե  ոչ  առանջնային  նշանակություն  ունի  (առավել  ևս  եթե  դիտարկենք  «ազգ»  հասկացությունը  արևմտյան  ընկալմամբ):  Ուստի  այստեղ  ռեալ  վտանգ  կարող  է  լինել,  որ  երկարատև  անկախ  հայկական  երկու  պետությունների  գոյության  պայմաններում  մեր  ազգի  երկու  խմբերի  միջև  կարող  է  որոշակի  բաժանվածություն  առաջանալ,  կարող  է  ինչ-որ  տեղ  ազգը  բաժանվել  երկու  մասին:  Իհարկե  սա  անընդունելի  ու  ոչ  ցանկալի  տեսլական  է:  Ուստի  պետական  ճիշտ  քաղաքականություն  պետք  է  տարվի  իրավիճակը  հասարակաությանը  ներկայացնելու  առումով,  իսկ  այս  հարթության  վրա  պետք  է  հաշվի  առնել  գործողությունների  հաջորդականությունը  ժամանակային  կտրվածքով,  որն  էլ  մեր  վերլուծության  երկրորդ  չափանիշն  է:

Ժամանակային  կտրվածքով  կարող  են  առանձնացնել  երկարաժամկետ  ու  կարճաժամկետ  քաղաքական  կուրսերը,  որոնք  կարելի  է  նաև  ներկայացնել  որպես  ռազմավարություն  ու  մարտավարություն:

Ռազմավարական  (երկարաժամկետ)  կտրվածքով  պետք  է  ամեն  կերպ  թույլ  չտալ  հասարակական  կարծիքի  մեջ  հայաստանցի-ղարաբաղցի  դիսոցումը.  և՛  մշակույթը,  և՛  սպորտը,  և՛  տեղեկատվական  միջոցները  ու  ընդհանրապես  պետության  ձեռքին  գտնվող  բոլոր  հնարավոր  ռեսուրսները  պետք  է  շեշտեն  մեր  ազգի  միասնականության  մասին:  Մյուս  կողմից  պետք  է  ձևավորվի  այն  սպասելիքը,  որ  երկու  պետությունների  մեջ  բաժանված  մեր  կարգավիճակը  ժամանակավոր  բնույթ  է  կրում  ու  վերամիացումը  անպայման  լինելու  է:

Մարտավարական  (կարճաժամկետ)  կտրվածքով  պետք  է  ներկայանալ  վերը  նշված  միջազգային  հարաբերությունների  հարթության  վրա՝  երկու  պետությունների  առկայության  հրամայականով:    Իսկ  հասարակական  շրջաններում  պետք  է  ամեն  կերպ  պրոպագանդել  այն  ընկալումը,  որ  ներկա  վիճակում,  ժամանակավորապես  երկու  հայկական  պետությունների  գոյությունը  բխում  է  մեր  ազգային  շահերից,  սակայն  այն  անցողիկ  է:  Այսինքն  ստացվում  է,  որ  հասարակական  գիտակցության  առումով  նուրբ  խաղ  է  պետք  խաղալ:

Այդպիսով  ստացվում  է,  որ  ներկայումս  մեզ  համար  նախընտրելի  է  միջազգային  հարաբերությունների  բնագավառում  ներկայանալ  որպես  «մեկ  ազգ,  երկու  պետություն»,  որը  նաև  ազգաբնակչության  համար  կարճատև  ժամանակային  կտրվածքով  ընդունելի  ձևով  կներկայացնի:  Իսկ  արդեն  երկարատև  (ռազմավարական)  հարթության  վրա  շեշտել  «մեկ  ազգ,  մեկ  պետություն»  հրամայականը:

Նշենք  նաև,  որ  նույնպիսի  մոտեցում  կա  նաև  Թուրքիայի  ու  Ադրբեջանի  առումով,  այդ  երկրների  որոշ  ազդեցիկ  շրջանակներ  փորձում  են  շրջանառության  մեջ  դնել  «մեկ  ազգ,  երկու  պետություն»  կարգախոսը,  բայց  նշենք,  որ  որոշակի  տարբերություն  կա  նշված  երկրների  տիտղոսակիր  ազգերի  կրոնական  պատկանելության  մեջ:    Մյուս  կողմից  պետք  է  հասկանալ,  որ  այս  նույն  կարգախոսը  նրանք  ևս  ընկալում  են  ժամանակային  երկու  հարթություններով:  Եթե  այսօր  խոսվում  է  «մեկ  ազգ,  երկու  պետության»  մասին,  ապա  վաղը  արդեն  տրամաբանական  կլինի  (ըստ  իրավիճակի)  խոսել  «մեկ  ազգ,  մեկ  պետության»  մասին,  սա  էլ  գործնականում  բխում  է  մեր  հարևանների  երկարատև  պանթուրքիստական  պլաններից:

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ