Հայաստանի երեք սահմանադրություններն ու ընդունման իրական նպատակները

Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը. 1995 թվականի այս օրն ընդունվեց Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը: Հետագա երկու տասնամյակների ընթացքում այդ հիմնարար փաստաթուղթն երկու անգամ վերափոխվեց՝ 2005 և 2015 թվականներին: Ի՞նչն էր սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու պատճառը:

Սահմանադրությունը պետության իրավական հենասյունն է. այն պետք է արտահայտի առաջնահերթ քաղաքացիների շահերն ու նախադրյալ ստեղծի երկրի զարգացման համար: Սակայն հայկական իրականությունը փոքր-ինչ խեղված է. որքան էլ բարձրաձայնվի սահմանադրական «բարեփոխումներ» իրականացմամբ պետության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը, միևնույն է իրական նպատակը միշտ մեկն է եղել՝ ամրապնդել «գահակալի» իշխանությունը:

Հայաստանի Հանրապետությունում «գահակալի» աթոռը վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում նույնական էր նախագահի պաշտոնի հետ: Ըստ այդմ Հայաստանն ունեցել գահակալական երեք շրջան, որոնք պայմանականորեն կարող են անվանել «լևոնակրատիա», «ռոբերտակրատիա» և «սերժակրատիա»: Այս բոլոր փուլերում իշխանությունների համար օրակարգային է եղել սահմանադրական հնարաքվե իրականացման՝ պետության կառավարման ձևի վերանայման հարցը:


«Լևոնակրատիա» (1991 – 1998 թթ.)

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո երկրում իշխանության բուրգի գագաթին էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նորանկախ պետության սահմանադրությունն ընդունվեց 1995 թվականի հուլիսի 5-ին, այն անհրաժեշտություն էր հետխորհրդային հանրապետության համար ԽՍՀՄ ինստիտուցիոնալ համակարգերից ազատվելու ու լիբերալ-ժողովրդավարական աշխարհակարգի ուղղությամբ անցումն ազդարարելու համար:

Երկրում հաստատվեց կիսանախագահական կառավարման ձև (պրեզիդենտիալիզմ)՝ Ֆրանսիայի օրինակով: Ուշագրավ է այն, որ պրեզիդենտիալիզմի պայմաններում նախագահը շատ ավելի մեծ լիազորություններ ունի, քան նախագահական կառավարման ձևի դեպքում:

Տերպետրոսյանական սահմանադրությունը պետք է ապահովեր ՀՀՇական կլանի իշխանության հարատևությունը, եթե Ղարաբաղյան հակամարտության լուծման տեսլականը ներքաղաքական տարաձայնությունների պատճառ չդառնար: Այդպիսով՝ Տեր-Պետրոսյանի համար քաղաքական ֆորսմաժորն Արցախի հիմնախնդիրն էր:


«Ռոբերտակրատիա» (1998-2008 թթ.)    

1998 թվականին Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնեց Ռոբերտ Քոչարյանը: Հաջորդող տարիներին Քոչարյանն ամրապնդեց իր քաղաքական գերակայությունը: Իսկ նախագահ վերընտրվելուց հետո (2003 թ.) օրակարգ իջավ իշխանությունը չկորցնելու հարցը:

2005 թվականին Քոչարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որին նպատակն էր նվազեցնել նախագահի ու ընդլայնել վարչապետի լիազորությունները: Հանրապետությունը շարունակում էր պահպանել կիսանախագահական-կիսախորհրդարանական կառավարման ձևը:

Քոչարյանը նախատեսում էր պահպանել իշխանությունն արդեն գործադիրի վերահսկողությամբ, սակայն նրա պլանները չեղարկեց մեկ այլ ֆորս-մաժոր՝ 2008 թվականի մարտի 1-ը:


«Սերժակրատիա» (2008-2018 թթ.)

2008 թվականին նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Նա կարճ ժամանակահատվածում իր ձեռքում կենտրոնացրել Հանրապետության իրական իշխանության բոլոր լծակները՝ ունենալով նաև խորհրդարանական մեծամասնություն ունեցող կուսակցության (ՀՀԿ) հենասյունը:

Սարգսյանը դեռ 2013 թվականին շրջանառության մեջ դրեց Հայաստանում կառավարման ձևի վերափոխման՝ խորհրդարանական հանրապետության ձևավորման հարցը, դրանով Սերժ Սարգսյանը նախագահական «գահակալության» ժամանակաշրջանի վերջն ազդարարեց:

2015 թ. սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին, իսկ նախագահը դարձավ «քաղաքական որոշումներ չընդունող» պաշտոն:

2018 թվականից Հայաստանում իշխանությունը պատկանելու է խորհրդարանական մեծամասնություն ունեցող կուսակցությանը: Սերժ Սարգսյանը մտադրված էր շարունակելու իր սերժոկրատական ռեժիմն արդեն վարչապետի լիազորություններով, սակայն թավշյա հեղափոխությունը նոր իրողություն ձևավորեց։


Նոր Հայաստանում կարող է վերացվել առանձին քաղաքական գործչի շահերից բխող սահմանադրական վերափոխումների արատավոր պրակտիկան, Հայաստանն մեծ հնարավորություն ունի դառնալու իրական խորհրդարանական հանրապետություն, որտեղ իշխանությունն անձնավորված չի լինի։

Կայացող ժողովրդավարության ճանապարհին  կարևորագույն քաղաքական փորձությունը նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որի արդյունքներն ու հետագա քաղաքական գործընթացները ցույց կտան՝ արդյոք Հայաստանում ձևավորվելու է իրական պոլիարխիա, կայանալու է նոր անձակենտրոն ռեժիմ («նիկոլոկրատիա»), թե պահպանվելու է թաքնված «սերժոկրատիան»։

Ըստ քաղաքական գործընթացների տրամաբանության էլ օրակարգ կիջնի նոր սահմանադրական փոփոխությունների հարցը։

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ