Պետության հզորությունը դիտարկելիս պետք է անդրադարձ կատարենք արտաքին միջավայրի հետ հարաբերություններին, քանի որ պետությունն իր ազդեցությունն է գործում արտաքին միջավայրի վրա և միաժամանակ արտաքին միջավայրն է գործում պետության վրա: Պետության հզորությունը կարող են դիտարկել որպես պետություն-միջավայր հարաբերություններում մի կողմից` միջավայրի ազդեցությունն առավել չափով վտանգներին և սպառնալիքներին դիմագրավելու ունակություն, մյուս կողմից` պետության հնարավորություն և ունակություն ազդելու արտաքին միջավայրի վրա և այն հնարավորինս կառուցվածքայնացնելու իր շահերին, նպատակներին և զարգացման գերակայություններին համապատասխան:
Այս հզորության մի բաղկացուցիչ է հանդիսանում ազգային մրցունակությունը տարբեր տեսանկյունից և տարբեր առումներով: Ազգային կամ պետական հզորության հիմքերը գտնվում են ներքին ռեսուրսների առկայության և բնույթի մեջ, դրանք են.
- Տարածքի մեծությունը,
- Աշխարհագրությունը,
- Ազգաբնակչության քանակը,
- Սահմանները,
- Բնական ռեսուրսների առկայությունը,
- Ազգային բնավորությունը և հոգեբանությունը,
- Քաղաքական ավանդույթները,
- Պետական կառավարման համակարգի ամրությունը և կայունությունը,
- ԶՈւ (ռազմական ուժի կազմակերպված ավանդույթները),
- Սփյուռքը:
Տեխնոլոգիաների փոփոխությունը, կառավարչական մեթոդների զարգացման հետ համընթաց, պետության համալիր հզորության բաղկացուցիչները որոշակի փոփոխություններ են կրում այս կամ այն առանձին տեսանկյունից: Մասնավորապես` տեղեկատվական հասարակության ձևավորումը կտրուկ բարձրացնում է տեղեկատվության ձեռքբերման փոխանակումը և կառավարման նշանակությունը պետության համալիր հզորության շրջանակներում:
Սկսած 1980-ականներից Արևմուտքի երկրներում մշակվում և ներկայացվում են, այսպես կոչված, տեղեկատվական աշխարհաքաղաքականության տեսություններ: ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում, երբ 2 գերտերությունների և ռազմաքաղաքական ճամբարների միջև հավասարակշռությունը մեծ չափով պայմանավորված էր միջուկային մարտագլխիկներ կրող միջմայրցամաքային ռազմավարական հրթիռների, ինքնաթիռների ու նավատորմի քանակի հարաբերակցությունից, բուն աշխարհագրական գործոնները կորցրել էին իրենց նախկին կարևորությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո իրավիճակը փոխվեց և աշխարհագրությունը կրկին սկսեց հանդիսանալ պետության համալիր հզորության կարևոր բաղկացուցիչ: