«Կա ստի երեք տեսակ՝ սուտ, ստոր սուտ և վիճակագրություն»
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը մշտական բնակչության ընթացիկ հաշվառումն իրականացնում է՝ հիմնվելով մարդահամարների ցուցանիշների վրա, սակայն ուշագրավ է, որ այդ վիճակագրությունը բացարձակապես չի համապատասխանում մարդահամարների տվյալների հետ: Անկախ Հայաստանում մարդահամար է իրականացվել երկու անգամ 2001 և 2011 թվականներին, ու ամեն անգամ հաշվառման ու մարդահամարի թվային պատկերը շեշտակիորեն տարբերվել է:
2001 թվականին մարդահամար տվյալներով Հայաստանի մշտական բնակչությունը կազմում էր 3213 հազար մարդ, մինչդեռ 2000 թվականի վիճակագրական հաշվառմամբ ներկայացվում էր 3803 հազար թիվը, այսինքն իրական պատկերից ավելին քան 18 տոկոսով (590 հազարով) բարձր տվյալներ: Վիճակագրության նման սխալները կարելի էր հիմնավորել անցած տարիների քաղաքական զարգացումներով (Սպիտակի երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում, Ղարաբաղյան պատերազմ, փախստականներ):
2011 թվականին անցկացվեց արդեն երկրորդ մարդահամարը: Ունենալով նախորդ մարդահամարի վիճակագրությունը՝ մեծ վրիպում կլիներ, եթե նոր տվյալները կրկին զգալիորեն տարբերվեին ընթացիկ հաշվառման պատկերից: Նոր մարդահամարով Հայաստանի բնակչությունը կազմում էր 3019 հազար մարդ, մինչդեռ նույն տարվա ընթացիկ հաշվառումը ներկայացնում էր 3266 հազար թիվը, այսինքն իրական պատկերից ավելին քան 8 տոկոսով (247 հազարով) բարձր տվյալներ: Վիճակագրության նման ահռելի տարբերությունը խոսում է ոչ թե ոլորտի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի, այլմիայն պետական ուղղորդված քաղաքականության մասին, երբ ներկայացվում է ոչ թե իրականությունը, այլ իշխանությունների համար ընդունելի ցուցանիշներ:
Նման պայմաններում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումները բացարձակապես վստահություն չեն ներշնչում ու հարցական է, թե որքանով են հավաստի այժմ ներկայացվող նոր տվյալները:
Հայաստանի մշտական բնակչության թիվը 1994-2021 թվականներին՝ ըստ ԱՎԾ –ի ընթացիկ հաշվառման
Տարեթիվը | Մշտական բնակչության թիվը (հզր մարդ) |
2021 | 2 964,6 |
2020 | 2 963,0 |
2019 | 2 961,6 |
2018 | 2 969,8 |
2017 | 2979,9 |
2016 | 2995,1 |
2015 | 3005,5 |
2014 | 3009,8 |
2013 | 3011,9 |
2012 | 3227,0 |
2011 | 3266,4 |
2011 թ. Մարդահամար | 3018,9 |
2010 | 3254,6 |
2009 | 3240,7 |
2008 | 3231,9 |
2007 | 3223,7 |
2006 | 3219,4 |
2005 | 3215,9 |
2004 | 3212,3 |
2003 | 3210,3 |
2002 | 3212,9 |
2001 թ. մարդահամար | 3213,0 |
2000 | 3803,3 |
1999 | 3798,2 |
1998 | 3791,2 |
1997 | 3780,7 |
1996 | 3766,4 |
1995 | 3753,5 |
1994 | 3740,2 |
*1994-2004 թվականներին ներկայացված են տարեսկզբյան ցուցանիշները, իսկ 2005-2021 թվականներին՝ կիսամյակային (հուլիսի 1-ի) տվյալները: