Ռուսաստանի նկրտումները հետխորհրդային տարածաշրջանում

Խորհրդային Միության կազմաքանդումից հետո համաշխարհային հարաբերությունների համակարգում տեղի ունեցավ արմատական փոփոխությունը՝ վերափոխվեց աշխարհակարգը: Մինչ այդ տիրում էր երկբևեռ-դուալիստական կարգը, առկա էին հստակ տարանջատված երկու գերտերություններ (ԱՄՆ և ԽՍՀՄ), որոնք ունեին իրենց տնտեսական առանձին կացութաձևտ (կապիտալիստական ու սոցիալիստական), ինչպես նաև ազդեցության հստակ գոտիներ, ռազմա-քաղաքական ճամբարներ (ՆԱՏՕ և Վարշավյան պակտ): Այդ ժամանակահատվածում առաջ եկավ նաև «չմիացման շարժումը», սակայն ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունների համակարգը բավականին հստակ էր ու ենթարկվում էր համաշխարհային դուալիզմի կանոններին:

Այսօր արդեն ԱՄՆ-ը միակ գերտերությունն է, փաստացիորեն հաստատվել է միաբևեռ աշխարհակարգ, սակայն մյուս կողմից արդեն իսկ նախանշվում է բազմաբևեռայնության ձևավորման նախադրյալներ: Առնվազն Չինաստանը, Ռուսաստանն ու միասնական Եվրոպան (Եվրամիությունը) այն հիմնական դերակատարներն են, որոնք կարող են հակադրվել  ԱՄՆ-ին՝ ձևավորելով ազդեցության նոր բևեռներ:

Ռուսաստանի՝ որպես նախկին գերտերության համար դժվար է համակերպվել իր նոր կարգավիճակի ու սուվերենության գոտու կրճատման հետ: Մինչդեռ Արևմուտքն այս հարցում էլ ավելի հեռուն գնացող պլաններ ունի, մասնավորապես Սիբիրի տնօրինման վերաբերյալ, ինչի մասին նշում էր հատկապես ամերիկացի քաղաքագետ Զ. Բժեզինսկին:

Մոսկվայի համար նախկին ԽՍՀՄ տարածքը ավանդաբար դիտվել ու այժմ էլ դիտվում է որպես իր առաջնային ազգային-պետական շահերի գոտի: Եթե հարցը դիտարկենք աշխարհաքաղաքական կտրվածքով, ապա այս տարածաշրջանն ամբողջությամբ համապատասխանում է «Պատմության աշխարհաքաղաքական առանցք» կոչված տարածությանը, որը «ցամաք-ծով» գլոբալ  հակամարտության առանցքային կողմն է:

Նորանկախ Ռուսաստանը մինչ օրս ունեցել է երկու միանգամայն հակասական շրջաններ՝ ելցինյան (1991-1999 թթ.) ու պուտինյան (2000 թ.-ից մինչ օրս):

Երբ Ռուսաստանի նախագահն էր Բորիս Ելցինը երկիրն անընդմեջ անկումներ էր արձանագրում միջազգային ու ներպետական համակարգերում, Ռուսաստանի դերը գնալով թուլանում էր: Սա առաջնահերթ պայմանավորված էր երկրի տնտեսության աղետալի վիճակով. բնակչությունը ծայրահեղ կարգավիճակում էր, ամենուրեք կազմակերպված հանցագործությունն ու կոռուպցիան էր տիրում, իսկ իշխանական հարթության վրա գտնվող գործիչները մտածում էին սեփական ընտանեկան բյուջեն պետության հաշվին լցնելու մասին: Հենց այս շրջանում էր, որ սկսվեցին անհանգստությունները Հյուսիսային Կովկասում, մասնավորապես Չեչնիայում, որի հետ պատերազմական գործողությունների արդյունքում երկիրը զգալիորեն  կորցրեց իր միջազգային հեղինակությունը: Փաստացիորեն Ելցինը Ռուսաստանը տանում էր դեպի կործանման: Սակայն այդ ահռելի երկիրը, որին սովորաբար համեմատում են արջի հետ, ունի չափազանց մեծ ներուժ, հատկապես ռազմական ու տնտեսական առումով: Իսկ եթե այդ երկու բաղադրիչները արդյունավետ են օգտագործվում, ապա ազդեցությունը քաղաքականության վրա ու համահունչ վերափոխումներն անխուսափելի է:

2000 թվականին իշխանության եկած Վլադիմիր Պուտինը փորձեց վերականգնել երկիր հեղինակությունը համաշխարհային ասպարեզում: Սակայն նա հարկադրված էր երկակի խաղ խաղալ, որը թերևս բնորոշ է ՊԱԿ-ի կադրերին:

Պուտինը պետք է երկիրը ներկայացներ համաշխարհային ասպարեզում որպես բարեկամական, լիբերալիզմին ու ազատ շուկայական հարաբերություններին ձգտող պետությունը, իսկ ներքին համակարգում նա պետք է նախևառաջ պայքարեր Ռուսաստանը ծնկի բերած օլիգարխիկ խավի դեմ: Ի դեպ նշենք, որ հենց նույն այդ օլիգարխներն էլ աջակցել էին Պուտինին իշխանության գալու հարցում:

Առաջնային քայլերից էր երկրի տնտեսական հզորության վերականգնումը, նախևառաջ բնական ռեսուրսների (հատկապես ածխաջրածնային) ճիշտ տիրապետումը: Այսօր Ռուսաստանի տնտեսության առյուծի բաժինը պայմանավորված է ածխաջրածնային ռեսուրսներով, տնտեսությունը ըստ արժանավույն դիվերսիֆիկացված չէ:

Երկիրը նավթի արդյունահանմամբ երկրորդ տեղն է աշխարհում, մինչդեռ պետք է նշել, որ նավթային ապացուցված պահուստներով ութերորդն է: ՌԴ տնտեսական ծանրակշիռ լոկոմոտիվը բնական գազն է: Բնական գազի արտահանմամբ առաջին ցուցանիշն է ապահովում, ինչպես նաև առաջինն է ապացուցված պահուստներով: Պետք է նշել, որ Ռուսաստանը հարուստ է նաև այլ օգտակար հանածոներով, որոնք ևս ոչ պակաս կարևորություն ունեն: Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը առաջիկա մի քանի տասնամյակի ընթացքում կարող է լուրջ ներուժի հիմքով ամրապնդել իր դիրքերը:

Մոսկվայի համար իր դիրքեր ամրապնդելու առաջնային օղակը հետխորհրդային տարածաշրջանն է: Հստակեցնենք, թե ինչ նկատի ունենք հետխորհրդային տարածաշրջան ասելիս, քանի որ նույն տարածաշրան հասկացությունը բավականին պայմանական է: Թեև ԽՍՀՄ կազմի մեջ էին մտնում Մերձբալթյան երկրները (Էստոնիա, Լատվա, Լիտվա), սակայն դրանք չեն դիտարկվում այս տարածաշրջանի կազմում, ինչը ունի հստակ մշակութային ու քաղաքակրթական արմատներ (մասնավորապես այդ երկրամասը շատ ավելի կարճ ժամանակահատվածով է եղել ԽՍՀՄ կազմի մեջ՝ Երկրորդ աշխարհամարտից հետո):

Այսինքն հետխորհրդային տարածաշրջան ասելիս հասկանում ենք բուն Ռուսաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, Հարավային Կովկասը, Ղազախստանն ու Միջին Ասիան:

2015 թվականին հետխորհրդային տարածաշրջանում ձևավորվեց Եվրասիական տնտեսական միությունը, որին անդամակցում են Ռուսատանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Հայաստանը: Այս միությունը ԽՍՀՄ վերածնման ռուսական երազանքն է և Կրեմլը կցանկանար հետխորհրդային բոլոր՝ 12 երկրները միավոր այդ կառույցի հովանու ներքո:

Այսօր Բելառուսի, Ղազախստանի համար ՌԴ-ին թերևս անփոխարինելի է իր շուկայով, ներուժով, այսինքն այս եռյակը հենց կազմելու է ԵԱՏՄ-ի հենքը: Ղրղզստանն ու Տաջիկստանը ևս որոշակի հստակ կապվածություն ու կախվածություն ունեն Ռուստաստանին: Սակայն պետք է շեշտել, որ Միջին Ասիական երկրներում որպես կողմնորոշման դերակատար սկսում է հանդես գալ նաև Չինաստանը, որը արդեն իսկ իր տնտեսությամբ երկրորդ երկիրն է աշխարհում, ու հենց ռուս-չինական հարաբերությունների էլ կախված է Միջին Ասիայի ապագա կողմնորոշումը: Ու ընդհանրապես սինոցենտրիկ աշխարհակարգի ձևավորման պայմաններում արմատական փոփոխությունների կենթարկվի ողջ միջազգային հարաբերությունների համակարգը:

Ուզբեկստանը Միջին Ասիայի իրավամբ առավել մեծ ներուժ ունեցող երկիրն է, որը դեռ կողմնորոշման խնդիր ունի: Կարելի է ենթադրել, որ նույն Եվրասիական միության հավանական հաջողություններն ու Չինաստանի դերի հստակեցումը կպայմանավորեն նաև Ուզբեկստանի արտաքին քաղաքական ուղենիշը:

Այլ է հարցը Թուրքմենստանի առումով, այս երկիրը ԽՍՀՄ փլուզումից հետո չեզոքություն է հայտարարել, ու գործնականում նրա արտաքին քաղաքականության հիմնական առանցքը դարձել է սեփական գազը վաճառելը: Իսկ նման երկրի համար գործում է տնտեսագիտական պարզ օրենքը, ով ավելի շատ վճար, նրա հետ էլ հարաբերությունները կսերտացնի:

Այդպիսով պարզ է, որ Միջին Ասիայում գերակայության համար Մոսկվան մրցակցում է Պեկինի հետ, ինչին ժանդարմային կարգավիճակում հհետևում է Վաշինգտոնը:

Պատկերը այլ է Հարավային Կովկասում, այստեղ ևս բաժվում են Ռուսաստանի շահերը այլ դերակատարների հետ, սակայն այստեղ ազդեցիկ է Եվրամիությունն ու տարածաշրջանային երկու այլ դերակատարները՝ Թուրքիան ու Իրանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն որպես ՌԴ հիմնական ռազմավարական դաշնակից ապահովում է Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում ցանկացած զարգացումների դեպքում: Տնտեսական կտրվածքով Հայաստանը ուղղակիորեն կախված է Ռուսաստանից, արտահանման ու ներկրման ցուցանիշով Ռուսաստանը մեր «թիվ 1» գործընկերն է, դրան եթե ավելացնենք նաև աշխատանքային միգրանտների, ՌԴ-ում առկա հսկայական հայկական սփյուռքի գործոնները, ապա որպես տխուր փաստ կարող են արձանագրել, որ Հայաստանը այնքան էլ անկախ երկիր չէ ու գործնականում հիշեցնում է ՌԴ Կալինինգրադի երկրամասը, որը մետրոպոլիայնի բաժանված է այլ երկրով:

Վրաստանը 2003 թվականից վարում է հստակ արևմտամետ կուրս, երկու երկրների միջև հարաբերությունների արմատական վատթարացման պատճառը դարձավ հարավօսական պատերազմն ու դրան հետևող իրադարձությունները: Այնուհանդերձ Վրաստանը ևս ունի աշխատանքային միգրանտների հարց ու որոշակի կախվածություն ռուսական շուկայից, սակայն Վրաստանի հիմնական առևտրային գործընկերն են առաջնահերթ Թուրքիան ու Ադրբեջանը:

Հենց այստեղ էլ ակնհայտ է դառնում Թուրքիայի հիմնական ներգրավվածությունը տարածաշրջանային գործերին: Թուրքիան մշտապես կարևորել է ազդեցությունը այս տարածաշրջանում, ուր նրա հիմնական հենքն է եղել Ադրբեջանը: Այս երկրում գործում է «մեկ ազգ, երկու պետություն» հասարակական տարածում ունեցող կարգախոսը (Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների առումով), այսինքն էթնիկապես Ադրբեջանը հակված է դեպի Թուրքիա: Եվ եթե նաև դիտարկենք, որ Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունները ավելի գերակա են դառնում, ապա Ռուսաստանի համար իրական վտանգ կա կորցնելու ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ: Հենց այստեղ էլ փրկության է գալիս «հին ու բարի Հայաստանը»՝ տարածաշրջանի անկայունության հիմնական առանցք հանդիսացող Ղարաբաղյան հարցի առկախությամբ: Այսինքն քանի դեռ Ռուսաստանը ի կարողացել Վրաստանի ու Ադրբեջանի տնտեսական համակարգում իր հակակշիռը հաստատել, նրա համար ցանկալի է, որ տարածաշրջանում կիսապատերամական վիճակը շարունակվի, ինչը այն հեռու կպահի ներդրումներից, չեն կառուցվի Ռուսաստանը շրջանցող գազատարները, ու ըստ այդմ ռուսական գազը այլընտրան չի ունենա եվրոպական շուկայի համար:

Կրեմլի համար չափազանց մեծ կարևորություն ունի Ուկրաինան, Զ. Բզեժինսկու բնորոշմամբ. «Ռուսաստանը Ուկրաինայի հետ արդեն իսկ կայսրություն է»: 2014 թվականից այս երկու երկրների միջև հարաբերությունները վատթարագույնն են, որի պատճառ Կիևի  եվրոպամետ կողմնորոշումն է, որի հետևանքն էր Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան ու Դոնբասի ինքնավարությունների հեռակումը:

Մյուս հետխորհրդային երկիրը Մոլդովան է, որը արհեստականորեն ստեղծված երկիր էր՝ իրականում լինելով Ռումինիայի մի մասը: Բնականաբար այսօր էլ այդ երկրում զգալի են այն ուժերը, որոնք ցանկանում են վերամիավորում Ռումինիայի հետ: Ռուսաստանը ապահովում է այդ երկրի հետ առևտրաշրջանառության առաջնային մասը, դրան գումարած նաև նույն աշխատանքային միգրանտության հարցը դեպի ՌԴ: Նշենք, որ Ռումինիան  անդամ է Եվրամիությանը ու այդ երկրի հետ վերամիավորումը ռեալ այլընտրանք կարող է լինել Մոլդովայի հետ: Հենց այստեղ էլ Ռուսաստանը գործի է գցում իր ազդեցության մեկ այլ միջոցը՝ ռազմական տարի գերակայությամբ: Այսօր գոյություն ունի Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն, որը ինչպես ևս Արցախը ճանաչում չի ստացել, բայց որը ինչպես և Արցախը, ևս մեկ լծակ է տալիս Ռուսաստանին պահպանելու իր գերակա դիրքը: Առկա են ևս երկու նմանատիպ միավորումներ՝ Հարավային Օսիան և Աբխազիան, որոնք էլ սաստում են Վրաստանի մտադրությունները հակառուսական կողմնորոշման հարցում:

Հասկանալի է, որ ռուսաստանը տնտեսական ողջ հիմքերն ունի հետխորհրդային տարածաշրջանում այսօր ու առավել ևս վաղը իր դիրքը պահելու ու ամրապնդելու համար, որին զուգահեռ գալիս է նաև ռազմական գերակայությունը:

Սառը պատերազմի արդյունքում Ռուսաստանը կուտակել էր հսկայական քանակությամբ զինամթերք, մասնավորապես միջուկային, ինչը համաշխարհային մակարդակում ռազմական գործողությունների հիմնական սաստիչ ուժն է, ինչպես նաև Ռուսաստանի ամբողջականության հիմնական երաշխիքը ելցինյան իշխանության տարիներին:

Պուտինի հիմնական քաղաքականությունը ռազմական բագավառում անձնակազմի կրճատումն է ու փոխարինումը արհեստավարժ կադրերով: Այսօր Ռուսաստանը արդիականանցում է իր ռազմական սպառազինությունը: Հետխորհրդային տարածաշրջանում իր ռազմական գերակայության ապահովման հիմնական միջոցն է նաև ռազմաբազաների առկայությունը, որոնց պահպանման համար անհրաժեշտ է ուղղակի համապատասխան պայմանավորվածություններ տվյալ երկրի քաղաքական շրջանակների հետ, ինչն էլ շատ դեպքերում հնարավոր է իրագործել տնտեսական միջոցների ներդրմամբ:

Սակայն պետք է նշել, որ ռազմական կտրվածքով ՌԴ-ի հիմնական հակառակորդը եղել ու մնում է ՆԱՏՕ-ն, որը ԽՍՀՄ փլուզումից հետո ընդլայնվում է դեպի արևելք, օրինակ հարավկովկասյան երկրների, Ուկրաինայի, Բելառուսի ու Մոլդովայի առումով գործում է «Արևելյան գործընկերության» քաղաքականությունը, որը գործնականում հետխորհրդային տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներգրավման նախափորձն է:

Հակառուսական ու պրոնատօ-ական պրոյեկտ էր նաև ՎՈՒԱՄ-ը, որը նախատեսված էր հետխորհրդային որոշ երկրների ռազմաքաղաքական կանոնակարգման համար, սակայն այն իրեն արդեն սպառել է:

Դրա ի հակադրություն ստեղծվել է ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքը, որը նախատեսված է հետխորհրդային տարածության երկրների միջև ինտեգրացիայի ռազմական բաղադրատարրն ապահովելու համար: Դրան անդամակցում են ՀՀ, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկստան ու առանցքային դերում Ռուսաստանը: Գործնականում ՀԱՊԿ-ն ծառայում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին:

Այդպիսով՝ Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի հետխորհրդային տարածաշրջանում իր դիրքերը պահպանելու և ամրապնդելու համար, այդ ճանապարհին նրա մրցակիցներն են ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Չինաստանը, Իրանն ու Թուրքիան:

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ