Եվրասիական միություն vs Եվրասիական տնտեսական միություն

2015 թվականի հունվարի 1-ին ձևավորվեց Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), որի հիմնադիր երկրներին էին Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: Արդեն իսկ հունվարի 2-ից այդ միության անդամ դարձավ Հայաստանը, իսկ 2015 թվականի օգոստոսի 12-ին դրան միացավ նաև Ղրղզստանը:

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն կազմակերպություն է, որի նպատակն է անդամ երկրների տնտեսության զարգացումը: Հաճախ Եվրասիական տնտեսական միության փոխարեն կիրառում են «Եվրասիական միություն» անվանումը, ինչը որոշակի թյուրիմացություն է առաջացնում երևույթի ընկալման մեջ:

Եվրասիական միությունը հետխորհրդային երկրների համադաշնության նախագծի հավանական անվանումն է, որն առաջնահերթ քաղաքական կառույց է լինելու՝ Եվրոպական միության նմանությամբ: Եվրասիական միությունն ունենալու է միութենական խորհրդարան, որում համամասնությամբ ներկայացված են լինելու անդամ երկրների դելեգատ-պատգամավորները: Միությունն ունենալու է քաղաքական իշխանության զգալի ռեսուրսներ և դրանց իրացման համար տարատիպ մեխանիզմներ: Հենց այս նախագծի կայացնում էլ կարող է դառնալ իրական «ԽՍՀՄ-2»:

Այժմ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները պահպանում են իրենց սուվերենությունը, թեև մոսկովյան դոմինանտ ազդեցությունն ակնհայտ է: Սակայն կառույցի անվան մեջ «տնտեսական» անվան շեշտադրումը ամեն ինչ իր տեղն է դնում: Միանշանակ կարող ենք ասել, որ ԵԱՏՄ-ն հետխորհրդային ինտեգրացիոն գործընթացի հերթական անցումային փուլերից մեկն է, ինչը վերջին հաշվով միտված է հենց Եվրասիական քաղաքական միության ձևավորմանը:

Եվրասիական միության կազմավորումն ամբողջությամբ  կախված է Կրեմլի տարածաշրջանային ամբիցիաներից ու դրա ուղղությամբ գործադրվող ջանքերից: Ակնհայտ է, որ ռուսական աշխարհաքաղաքական վերածնման փորձերը բախվելու են Արևմուտքի խիստ դիմադրությանը, ինչի մասնավոր դրսևորումն է պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ:

Եվրասիական միության կազմավորմանը կարող են դեմ լինել նաև տարածաշրջանային երկրները: Քանի որ ի տարբերություն Եվրամիության, այդ կառույցում արտահայտված է լինելու Մոսկվայի ասիմետրիկ ազդեցությունը, ինչն էլ վերջին հաշվով վտանգելու է անդամ երկրների (այդ թվում Հայաստանի) դե ֆակտո անկախությունը:

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ