«Միխելսյան կուսակցություններն» ու նայիվ «հպատակները»

Հայաստանի Հանրապետությունում քաղաքականության կերտման մենաշնորհը, ըստ նոր սահմանադրության, տրվել է կուսակցություններին, այն կառույցներին, որոնց ներքին ժողովրդավարությունը «փոքր-ինչ» կասկածելի է. ներկայացուցչական ժողովրդավարությունը միջնորդավորվում է ևս մեկ ինստիտուցիոնալ համակարգով: Սա դեռ հարցի մի կողմն է, կարևոր է նաև հասկանալ, թե ինչպիսին է կուսակցություն կոչվող «սև արկղի» ներքին միջավայրն ու ինչպես են գործառնում դրանում առկա տարրերը:

Հայաստանյան կուսակցությունների մեծամասնությունը միայն «դե յուրե» կարելի է անվանել «կուսակցություն», այսինքն դրանք կուսակցություն են այնքանով, որքանով պետականորեն գրանցված են, ունեն կանոնադրություն ու ծրագիր: Իսկ իրականում մեկ ձեռքը բավարար է հայաստանյան «դե ֆակտո» կուսակցությունները հաշվելու համար, դրանք այն կուսակցություններն (կողմնակցություն) են, որոնք առաջնահերթ հիմնվում են գաղափարախոսության վրա: Մինչդեռ հայաստանյան կուսակցություններն առավելապես լիդերի շուրջ միավորված կլանային կառույցներ են, որոնք առաջնորդվում են ոչ թե գաղափարախոսությամբ, այլ կլանային շահերով:

Համաձայն գերմանացի սոցիոլոգ Ռոբերտ Միխելսի «օլիգարխիայի երկաթյա օրենքի»` ցանկացած կուսակցություն ենթակա է «օլիգարխացման», այսինքն ֆինանսական ռեսուրսներ ներդնող անձինք վերջին հաշվով թելադրում են կուսակցության քաղաքական ուղենիշն ու գործունեության տեսլականը: Հայաստանը ևս բացառություն չէ. մեզանում ևս գրեթե բոլոր «անցողիկ ներուժ» ունեցող կուսակցություններն օլիգարխների վերահսկողության տակ են ու սպասարկում են հենց իրենց շահերը (մենք դեռ հնարավորություն կունենանք ներկայացնելու, թե որ կուսակցությունն փաստացիորեն ում նախագիծն է):

Սակայն այստեղ առավել աննախանձելի վիճակում են խանդավառ կուսակցականները, մասնավորապես երիտասարդները, ովքեր մտածում են, որ կուսակցության հրապարակային հայտարարություններն իրականությունն են արտահայտում, մինչդեռ միջօլիգարխիկ պայմանավորվածությունները կարող են արմատապես այլ բան ենթադրել: Երիտասարդ կուսակցականն անկեղծորեն հավատում է, որ իր կուսակցությունն «ամենաընդդիմադիրն» է կամ «ամենապետականակենտրոնը», որ հենց ինքը՝ շարքային կուսակցական գործիչը, կարող է քաղաքական ուժի օրակարգի ձևավորման վրա ազդեցություն ունենալ: Ցավալի է, որ վաղը հենց այդ կուսակցության գործունեության արդյունքում ազնիվ, բայց և նայիվ երիտասարդը հիասթափվելու է Հայաստան պետությունից՝ բոլոր ենթադրություններով…

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ